ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն «Wildberries»-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների գործով ավելի քան 20 անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանում։
Դատարանում հստակեցրել են, որ այդ շրջանակում Վլադիսլավ Բակալչուկին կալանավորելու միջնորդություն չկա։
Երեկ դատարանը 6 մեղադրյալի կալանավորել է մինչև նոյեմբերի 18-ը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին «Wildberries»–ի` Ռոմանովի նրբանցքում գտնվող գրասենյակում կրակոցներ են հնչել։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ մահացել է 2 մարդ, 7-ը` վնասվածքներ ստացել (տուժածներից 2-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են)։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «սպանություն», «սպանության փորձ», «հրազենի ապօրինի պահպանում», «ինքնիրավչություն» և «իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձ» հոդվածներով:
Տատյանա Բակալչուկի և նրա նախկին ամուսնու` Վլադիսլավ Բակալչուկի միջև կոնֆլիկտն արդեն մի քանի ամսվա պատմություն ունի. ամուսնալուծությանը զուգահեռ նրանք բաժանում են գույքը: Նախկին ամուսինները լուրջ տարաձայնություններ ունեն ընկերության ապագայի հարցում։
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։