Հատուկ տարածվող կեղծիք. Զախարովան՝ Հայաստանում հեղաշրջման փորձի ռուսական հետքի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՔԿ հաղորդագրությունը, թե պետական հեղաշրջման փորձ կատարողների հետևում ռուսական հետք կա, անհեթեթ է և անգամ քննադատության արժանի չէ։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով, դա պարզապես հատուկ տարածված ֆեյք է», - հավելել Է Զախարովան:
Նրա խոսքով ՝ ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։
«Ցավալի է, որ որոշ շրջանակներ որդեգրում են արևմտականների մաշված մարտավարությունը, որոնք վերջին տասնամյակում այս կամ այն կերպ շրջանառել են ռուսատյաց հայտարարություններ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են, այդ թվում՝ «Սև հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։
Նշվում էր, որ նրանք Դոնի Ռոստով քաղաքում` Ռուսաստանի հայերի կողմից ռազմական պատրաստության համար ստեղծված «ԱրԲատ» գումարտակի հենակետում, եռամսյա վճարովի հավաքներ են անցնել: Այդ նպատակով նրանք անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ: