ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ–ում էլեկտրաէներգիան թանկ է, դա նրանից է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքներն ամբողջովին բացված չեն։ Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պատասխանում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը հայտարարեց, որ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի ամենաթանկ ծառայություններ մատուցող մենաշնորհը մեզ մոտ է։
Բաղրամյանն ընդգծեց` եթե ՀԷՑ–ի համար հանձնաժողովի սահմանած վերջնական սակագները թանկ են թվում, ապա ցանկացած սպառող ազատ է շուկայում գտնել ավելի էժան էլեկտրաէներգիա։
«Էլեկտրաէներգիայի մեր ազատ շուկան լիարժեքորեն ազատ կգործի, եթե մենք ունենանք հաստատուն կապ Վրաստանի հետ, կարողանանք դուրս գալ ԵԱՏՄ, ԵՄ շուկաներ։ Վրաստանի հետ մենք դեռևս ունենք սահմանափակ ենթակառուցվածք` ընդամենը մոտ մի 100 ՄՎտ ենք առևտուր անում, բնականաբար, այդ ազատ շուկան իր ամբողջ արդյունավետությունը չի դրսևորում։ Մենք ունենք ընդամենը 6 ներքին, խոշոր կայան ու մի քանի փոքր կայաններ, ունենք ներմուծվող գազ և դրանով արտադրվող էլեկտրաէներգիա»,– տեղեկացրեց ՀԾԿՀ նախագահը։
Ուսումնասիրելով ԵԱՏՄ շուկան` հանձնաժողովը պարզել է, որ օրինակ` ղազախական շուկայում կարող են լինել ամիսներ, երբ հնարավոր է այնտեղից ներկրել էլեկտրաէներգիա, որի արտադրության գինը մեզ մոտ 20 դրամ է, իսկ այնտեղ` 3–4 դրամ։ Դա դեռևս տեղի չի ունենում, քանի որ տարածաշրջանային շուկաները մեր երկրի համար բաց չեն, ազատ շուկայի տված հնարավորություններից առավելագույնս չենք կարողանում օգտվել։
Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագների բարձր–ցածր լինելու հարցում, ըստ նրա` պետք է դիտարկել աշխարհի բոլոր երկրների կողմից ներմուծվող գազի գներն ու արժեքներ։
«Օրինակ` Բելառուսն իր էլեկտրաէներգիայի սակագներին սուբսիդիա է տալիս, մեր պետությունը սուբսիդիա չի տալիս։ Այսինքն` համադրելի, համարժեք բաները պետք է համեմատել։ Կամ` Բելառուսի արդյունաբերությունը 50 տոկոսից ավելի է, իսկ մեզ մոտ շատ ավելի քիչ է։ Իրանն ունի գազ ու լիարժեքորեն սուբսիդավորված էլեկտրաէներգիայի արտադրություն է իրականացնում։ Եկեք բյուջեից սուբսիդավորում անենք, ու շատ ցածր սակագին կստանանք»,– նկատեց Բաղրամյանը։
Անդրադառնալով մեր մյուս հարևանին` Թուրքիային` ՀԾԿՀ նախագահն ընդգծեց, որ այս երկիրն ունի ազատ շուկա ԵՄ–ի հետ ու նաև հաղորդակցման այնպիսի կապեր, որ որոշ ամիսներիազատ շուկայում էլեկտրաէներգիայի սակագինը դառնում է 0 դրամ։