Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը ենթակառուցվածքի գերմաշվածությունն է. Բաղրամյան

Հանձնաժողովի նախագահի տվյալներով` 2025 թվականին նախատեսվում է հոսանքազրկումների միջին տևողությունը կրճատել 25, 2028 թվականին` ևս 28 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը ենթակառուցվածքի գերմաշվածությունն է։ Այդ մասին Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Երևանի փոքր կենտրոնը հոսանքազրկվել էր ենթակայանում գրանցված վթարի պատճառով
Քննարկումը կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Բաղրամյանը նշեց, որ էներգետիկ ենթակառուցվածքի գերմաշվածությունն առավելապես արտահայտված է ցածր լարման հատվածում։
«Ոլորտում ներդրումների հիմնական հատվածն ուղղվել է ավելի բարձր լարման հատվածի արդիականացմանը։ Դա բնական է, քանի որ, երբ սահմանափակ միջոցներ ես ունենում, ներդրում ես անում այնտեղ, որտեղ խափանումներն ու վթարները ավելի շատ են»,– վստահեցրեց ՀԾԿՀ նախագահը։
Նրա խոսքով` Երևանից դուրս բոլոր մյուս համայնքներում էլեկտրամատակարարման երկսնուցման համակարգ պատմականորեն չկա։ Արդյունքում ցանկացած վթարի դեպքում, եթե Երևանում հնարավոր է փոխել սնուցումն ու արագ վթարը վերացնել, անջատումներ չունենալ, ապա համայնքներում այդպես հնարավոր չէ։
Բաղրամյանն ավելացրեց, որ մյուս խնդիրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մենեջմենթի մեջ է։
«Ընկերության որոշ ստորաբաժանումների սինխրոն աշխատելու հետ կապված խնդիրներ կան, որոնց մասով էլ մենք վարույթ ենք հարուցել»,– ասաց նա։
Բացի այդ, ըստ նրա, խոշոր սպառողների սեփական ենթակառուցվածքները ևս շատ վատ վիճակում են գտնվում։
Երևանի 2 վարչական շրջանում որոշ ժամանակ լույս չի եղել. ՀԷՑ–ը բացատրել է պատճառը
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ 2016–23 թթ. ՀԷՑ–ի ներդրումները նախատեսված են եղել ընդամենը 230 մլրդ դրամ, որից սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանն ուղղված ներդրումները 50 տոկոսով կամ 65 մլրդ դրամով ավելի քիչ են եղել, քան ակնկալվում էր։ Բաղրամյանի խոսքով` դրա համար կային օբյեկտիվ պատճառներ` նոր բաժանորդների միացումը, որի համար նախատեսված է եղել 28 մլրդ դրամ ներդրում, սակայն գումարը գերազանցել է 39 մլրդ դրամը։
Հանձնաժողովի նախագահի տվյալներով` 2025 թվականին նախատեսվում է հոսանքազրկումների միջին տևողությունը կրճատել 25, 2028 թվականին` ևս 28 տոկոսով։
Նա տեղեկացրեց նաև, որ 2016 թվականին ՀԷՑ–ն ունեցել է 1 մլն բաժանորդ, 2023 թվականին նախատեսվում էր, որ պետք է լիներ 1 մլն 061 հազար բանաժորդ, իսկ այսօր այդ թիվը փաստացի հասել է 1մլն 116 հազարի։
ՀՀ կառավարությունը 40 մլն դոլար վարկ կվերցնի 3 ենթակայանի վերակառուցման համար
Այսինքն, 54 500 բաժանորդ ավելի է միացել ՀԷՑ–ին, քան նախատեսված էր, որը հիմնականում եղել է 2019–23 թթ. ընթացքում։
Բաղրամյանի խոսքով` էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից խուսափելու համար Երևանի փոքր կենտրոնի ենթակառուցվածքներն ամբողջովին կվերազինվեն։