ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Կիրովի մարզի ձեռնարկությունները նախօրեին ավարտված գործարար այցելության ընթացքում ներկայացրել են Հայաստանում իրենց ապրանքները: Կիրովից այստեղ մոտ չէ, դրա համար էլ հայաստանյան խանութներում հնարավոր չէ այնտեղից ապրանքներ գտնել։
Սակայն հանրապետությունում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը պարբերաբար կազմակերպում է գործարարների այցեր նաև այն մարզերից, որոնց համար հայկական շուկան դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Ի դեպ, «Էսֆիլ» կոսմետիկ արտադրության գլխավոր տնօրեն և գլխավոր տեխնոլոգ Վալերի Գոնչարը հայաստանյան գործարարների հետ աշխատելու փորձ ունի։
Ընկերությունն օգտագործում է բնական հումք․ բարեբախտաբար Կիրովի մարզում, որը հարուստ է անտառներով, նման հումք որոնելու կարիք չկա՝ մի քանի ձեռնարկություններ փշատերև ծառերից այնտեղ եթերայուղեր են արդյունահանում։
Գոնչարի խոսքով՝ ընկերության լաբորատորիայում հայաստանյան հումքի բաղադրությունն ուսումնասիրելիս՝ իրենց համար անսպասելիորեն հայտնաբերել են, որ դրանցում քիմիական նյութերի կենտրոնացումն ավելի բարձր է, քան Ալթայի հայտնի անտառայուղերում։ Դրան հաջորդել է նույնքան անսպասելի բացահայտում:
«Մի քանի տարի առաջ տեղի ունեցած ցուցահանդեսներից մեկի ժամանակ պատահաբար ծանոթացանք հայաստանցի մի մատակարարի հետ և սկսեցինք նրանից գնումներ կատարել, այդ թվում՝ ազնվամորու յուղ։ Թվում է, թե Ռուսաստանում դրանից շատ կա, բայց պարզվեց, որ մեզ անհրաժեշտ նյութերի պարունակությամբ ձերն ավելի հարուստ է», – ասում է Գոնչարը։
Ճիշտ է, հետագայում ընկերությունն անցավ ռուսական մատակարարի, որն ավելի որակյալ հումք ուներ, սակայն նախկինի պես պատրաստ է դիտարկել Հայաստանի առաջարկները։ Նախատեսում են հիմնել ծառերի և բույսերի սեփական տնկարկներ: Իհարկե, «վայրի բնությունից» արտահայտությունն սպառողի համար ունի իր կախարդանքը, բայց տնկարկներում ավելի հեշտ է վերահսկել նյութերի մշտական պարունակությունը: Պաշտոնապես, նշում է Գոնչարը, ընկերությունն իր կոսմետիկան բուժիչ չի անվանում, քանի որ կլինիկական փորձարկումներ չի անցկացրել, բայց փաստացի դիրքավորվում է արմատային կոսմետիկայի (մաշկի մակերեսային, եղջյուրավոր բջիջների խնամք) սեգմենտում:
Մինչև 2022 թվականը ընկերությունն իր արտադրանքն արտահանում Էր Եվրոպա, իսկ այժմ ցանկանում է աշխատել մերձակա պետությունների շուկայում։ Կիրովի մարզի մեկ այլ արտադրող՝ «Սոյուզխիմը», նախընտրում է ֆերմերների հետ աշխատանքը՝ նպատակադրվելով նրանց առաջարկել հեղուկ պարարտանյութեր: Ընկերությունը վաղուց է արտասահմանյան այլ երկրների հետ հաստատել վաճառքի լոգիստիկա, ուստի կարող է Հայաստան առաքումներ իրականացնել առանց որևէ ուշացման, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Մաքսիմովը։
Ագրոբիզնեսի հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև վճարումների հարցը. պարզվել է, որ ռուբլով վճարելը նրանց համար լավագույն տարբերակն է։