ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն և նրա թուրք գործընկեր Զիա Ջեմալ Քադիօղլուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականների բանակցությունները կայացել են Անկարայում: Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել առաջիկա համատեղ նախագծերի շուրջ:
Ըստ աղբյուրի` հանդիպումների ընթացքում ընդգծվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին 16 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Բաքվում բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելով։