Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիտավորյալ ապատեղեկատվություն է որակել Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին։
«Բացի այդ, նշվում է, որ Երևանը մնում է ԵԱՏՄ-ում, բայց սառեցնում է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, կարծես այդ կառույցները տարբեր երկրներ են ստեղծել։ Արևմուտքի ճնշում կա, արևմտյան պաշտոնյաների խոսքերն ակնհայտորեն արտացոլված են Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ»,-լրագրողներին ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են ու չեն համապատասխանում փաստերին։
«Այս ֆոնին Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակում են։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավը՝ հակառակը»,-ասուլիսում նշել է ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։