ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան ԲՐԻԿՍ–ը դիտարկում է որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, թուրքական Anadolu պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ–ին լիարժեք անդամակցելու համար, այն քննարկվելու է։ Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24–ն անցկացվող ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
«ԲՐԻԿՍ–ը մենք դիտարկում ենք որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Եթե ԵՄ–ի հետ մեր տնտեսական ինտեգրումը հաջող լիներ, մենք, հավանաբար, մի շարք հարցերով նման լարված փնտրտուքների մեջ չէինք գտնվի», – ասել է Ֆիդանը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն է ստանձնել կազմակերպության նախագահությունը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ–ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ–ն և Սաուդյան Արաբիան։ ԲՐԻԿՍ–ում Ռուսաստանը նախագահությունն անցնում է արդար գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիությունն ամրապնդելու կարգախոսի ներքո։ ՌԴ–ն իր նախագահության շրջանակում ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում է կազմակերպում։