ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը խարդախության նոր դեպք է արձանագրել և հորդորում է զգույշ լինել։
«Սոցիալական ցանցերում ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկություն է»,– ասված է ոստիկանության հայտարարությունում:
Իրավապահները հորդորում են անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
«Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն»,– նշում է ոստիկանությունը:
Գերատեսչությունը կոչ է անում ոստիկանության անունից տեղեկություններին հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։