ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով մեծ թվով խաղաղ լիբանանցիների կյանքը, էլեկտրոնային սարքերի պայթյունն ահաբեկչություն է և ցեղասպանություն, որը տանում է պատերազմի հայտարարման, ասել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան:
«Հակառակորդը (Իսրայելը- խմբ.) անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով մեծ թվով խաղաղ քաղաքացիների կյանքը Լիբանանում»,-ասել է Նասրուլլան լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող ուղերձի ընթացքում:
«Հըզբոլլահի» առաջնորդն ընդգծել է, որ տեղի ունեցածը «ռազմական հանցագործություն է», և որ Իսրայելը ծրագրել էր զանգվածային ցեղասպանություն իրականացնել Լիբանանի տարբեր շրջաններում՝ պայթեցնելով քաղաքացիական կապի սարքերը Բեյրութում և երկրի այլ շրջաններում:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում՝ փեյջերների և ռացիաների պայթյուն: Պաշտոնական տվյալներով՝ 32 մարդ մահացել է, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ Փորձագետները պնդում են, որ փեյջերներում պայթուցիկ է եղել։
«Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա: Իսրայելի իշխանություններն առայժմ չեն հաստատել և չեն հերքել իրենց մասնակցությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիբանանում տեղի ունեցածը որակել է ահաբեկչության հրեշավոր գործողություն և մեծ հակամարտություն բորբոքելու փորձ: