ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին և ժողովրդին` սեպտեմբերի 21–ին նշվող Անկախության օրվա առթիվ: Այդ մասին նա գրառում է արել X–ի իր էջում։
«Հույս ունեմ, որ հարևան և բարեկամ երկու պետությունների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, իսկ երկու ժողովուրդների շահերի պաշտպանության համար տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն էլ ավելի կխորանա»,– ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված իր ուղերձում գրել է Իրանի նախագահը:
Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը եղել է Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը: Նա ընդգծել է, որ այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել են բարիդրացիության ոգով:
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել Երևանի և Թեհրանի միջև առկա ամուր և կայուն կապերի համար՝ ընդգծելով դրանց դրական դինամիկան և հետագա առաջընթացի միտումը:
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։