ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանում Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտացման ուղղությամբ է գնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք հիվանդացության դեպքերի զգալի իջեցում։
«Մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ կգրանցվի հիվանդացության դեպքերի նվազում»,–ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակին` նախարարը նշեց, որ այդ առումով էլ շատ լավ պատկեր է։
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցվել են միայն բերովի դեպքեր, այսինքն տեղական բոլոր բռնկումները մարվել են։ Բայց աշխատանքներ պետք է տարվեն, որ բերովի դեպքերից հետո չունենաք բռնկումներ»,–նշեց նա։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։