ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվում է սահմանափակել հասարակական վայրերում նախընտրական քարոզարշավի ժամանակ պաստառների փակցնումը: Համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
Գործող օրենսդրությամբ նման սահմանափակումներ չկան, ուստի նախընտրական շտաբներն իրենց պաստառները փակցնում են շենքերի պատերին, խանութների վրա, կանգառներում և այլն:
«Ընտրություններից հետո դրանք երկար ժամանակ չեն մաքրվում, ինչը աղտոտում է շրջակա միջավայրը»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ դա նաև մասամբ տեղի է ունենում այն պատճառով, որ տեղական ինքնակառավարման ղեկավարները շահագրգռված չեն ժամանակին մաքրել այդ պաստառները:
Օրենսդրական նոր փոփոխությունները քաղաքային իշխանություններին հնարավորություն կտան հատուկ տեղեր հատկացնել պաստառները փակցնելու համար: Այնուհետև տեղամասային ընտրական հանձնաժողովը հետևելու է, որ քաղաքական ուժերի պաստառները այլ տեղ չփակցվեն, հակառակ դեպքում հանձնաժողովը կարող է դիմել ոստիկանություն։
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ՝ ընտրարշավին մասնակից կուսակցությունների միջև հավասարաչափ բաշխվելու են տվյալ վարչական շրջանի գովազդային վահանակների տեղերն այն նույն տրամաբանությամբ, որով բաշխվում է հեռուստատեսության և ռադիոյի եթերաժամանակը: