ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը հանդիպել են և անդրադարձել կրթական ծրագրերին

ՀՀ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարն ու դեսպանը կարևորել են միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման շարունակականությունը, խոսել առաջիկայում նախատեսվող միջոցառումների մասին։