ՀՀ իշխանության վախերն են. գեներալը` հեղաշրջում պատրաստող խմբի հաղորդագրության մասին

Արխիվային լուսանկար
ՔԿ նախկին բարձրաստիճան աշխատակիցը հանցավոր խմբի բացահայտման մասին ուժայինների հաղորդումների մեջ էթնիկ հատկանիշով խտրականություն է նկատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում իշխանության զավթում նախապատրաստող հանցավոր խմբի բացահայտման մասին իրավապահների հաղորդագրությունները ցույց են տալիս գործող իշխանության խորը վախերը։ Բացի այդ, կա հայերին «հայաստանցիների» և «արցախցիների» բաժանելու, խտրականություն դրսևորելու միտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության գեներալ–մայոր, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` ՀՀ հինգ քաղաքացու և ԼՂ երկու բնակչի հավաքագրել և եռօրյա հավաքների էին ուղարկել Դոնի Ռոստով` Ռուսաստանի հայերի կազմավորած «ԱրԲատ» գումարտակի հենակետ ռազմական գործը սովորեցնելու համար։ Սակայն նրանց իրական նպատակը, ուժայինների պնդմամբ, իշխանության զավթումն էր։ Հավաքագրած անձանց մի մասը հետագայում հրաժարվել է մասնակցել հեղաշրջմանը և վերադարձել է Հայաստան։ Գործի շրջանակում երեք անձ կալանավորվել է, այդ թվում` «Սև հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը` նախկին պատգամավոր, 44–օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը։
Պետրոսյանի կարծիքով` իշխող էլիտան խորը վախ ունի ցանկացած պահի իշխանության տապալման, և այդ վախը բնական է։
«Նրանք ամեն րոպե սպասում են, որ իրենց կքշեն։ Եվ այդ վախն արտահայտվում է ինչ–որ «հանցավոր խմբեր» հայտնաբերելով»,–ասաց նա։
Գեներալը հիշեցրեց, որ նախորդ տարի նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել մի խումբ անձանց` Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ։ Նախկին պաշտոնյային կալանավորել էին զինված հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով։ Բացի այդ մի քանի ամիս առաջ կալանավորվել էին անձինք, որոնց մեղադրում էին իշխող ուժի պատգամավորների գրասենյակների մոտ պայթուցիկներ տեղադրելու համար։ Ընդ որում` դրա վերաբերյալ որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է գործի որոշ մասնակիցների արցախյան ծագման վրա շեշտը դնելուն, ապա, ըստ Պետրոսյանի, նման մոտեցումը արցախահայերին թիրախավորելու հերթական փորձն է։
«Հայաստանի իշխանությունների նպատակն է սեպ խրել հայաստանցիների և արցախցիների միջև, նրանք շարունակաբար ատելություն են տարածում, որպեսզի շագանակներ քաղեն, ինչպես ասում են` «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով», – ասաց նա։
ՔԿ–ի «բացահայտման» մեջ գեներալը նաև ներքաղաքական աստառ է տեսնում։ Դա յուրօրինակ մեսիջ է հասարակությանն ու քաղաքական հակառակորդներին, թե գործող թիմին փոխելու ցանկացած բողոք կդիտարկվի որպես իշխանության ուժային զավթում` դրանից բխող բոլոր քրեական հետևանքներով։ Պետրոսյանի խոսքով` իշխանափոխության ցանկությունը դա յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, քաղաքացու բնական իրավունքն է։
Սակայն հայ հասարակության վզին ուզում են փաթաթել այն համոզմունքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մնալու է ընդմիշտ։ Քաղաքացիներին վախեցնում են, որպեսզի նրանցից որևէ մեկը չհանդգնի իշխանությանը դեմ գնալ։