ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը բացարձակ խնդիր չի տեսնում նրանում, որ այսուհետև ռադիոյի պատին, ի թիվս այլ քաղաքների ժամացույցների, կլինեն նաև Բաքվի և Անկարայի ժամերը։ Mediahub.am-ի հետ զրույցում Քոլոյանը վերհիշել է 1960-ականներին՝ դպրոցական տարիներին Բաքու այցը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բաքվի Հանրային ռադիոյում էլ Երևանի ժամացույցն է կախված՝ Քոլոյանը նշել է՝ չգիտի, թե Ադրբեջանի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և անտարբեր է դրա նկատմամբ։
Իր որոշումը Քոլոյանը բացատրել է նրանով, որ այդպես միջազգային լուրեր գրելիս լրագրողներն ավելի հեշտ են կողմնորոշվում՝ ինչ ժամ նշել։
«Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր «նյուզռումերում» կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»,- ասել է Քոլոյանը։
Թե ինչու՞ է ժամացույցների հայտնվելը հենց այսօր տեղի ունեցել՝ ընդդեմ Արցախի ադրբեջանական վերջին հարձակման տարելիցին, Քոլոյանը նշել է՝ պարզապես այդպես է ստացվել։ Ըստ նրա՝ ժամացույցներն ավելի շուտ պետք է պատրաստ լինեին, բայց չէր ստացվել։ Շեշտում է, թե դրանում «հատուկ մեսիջ» չկա։
«Այդ քաղաքը ոչ միայն կա, այլև այդ քաղաքում կա ժամանակ։ Ես ոչ այդ քաղաքն եմ գովազդում, ոչ այդ քաղաքի երգերն եմ միացնում, երբ որ Սովետի ժամանակ հինգն անց կեսին հայերի կեսը մուղամ էր լսում կայֆով, ոչ ոք չէր հարցնում՝ բա խի՞ եք լսում․ էն ժամանակ էլ էինք թշնամի։ Իսկ հիմա ես Ձեզ ասում եմ, որ ընդամենը սա տեղեկատվական նշանակություն ունի, որ եթե պատին էլի տեղ լիներ, ես կավելացնեի Սիդնեյը, Հոնոլուլուն, Կատմանդուն, Տոկիոն և Նյու Դելին, որովհետև դրանք շատ կարևոր մայրաքաղաքներ են»,- հայտարարել է Քոլոյանը։
Նա հավելել է, որ չի հեռացնի Բաքվի ժամը, անգամ եթե աշխատակիցները շարունակեն պնդել, քանի որ թեպետ թշնամական քաղաքներ են և մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։
Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանն «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակիցն է եղել։
Հավելենք, որ ժամացույցների հետ կապված աղմուկն այսօր առավոտից սոցցանցերում բարձրացրել են ռադիոյի աշխատակիցները՝ իրենց վրդովմունքն արտահայտելով Բաքվի և Անկարայի ժամացույցների հայտնվելու վերաբերյալ։