ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման և ներդրման ոլորտում համատեղ գիտական գործունեության մասին համաձայնագիրն են այսօր ստորագրել Վ.Ֆիլատովի անվան Կենսաբժշկական տեխնոլոգիաների զարգացման ռուսական միջազգային հիմնադրամի և Հայկական լյարդաբանական ասոցիացիայի ղեկավարներ Եկատերինա Դիբրովան և Հասմիկ Ղազինյանը:
Փաստաթուղթը ստորագրվել է «Համաշխարհային կենսաբժշկական տեխնոլոգիաներ. կին գիտնականների ներդրումը» կլոր սեղանի արդյունքներով, որը կառուցողական երկխոսության համար միավորել էր Ռուսաստանի, Ճապոնիայի, Ուզբեկստանի, Հայաստանի կին առաջնորդներին՝ դառնալով Կանանց եվրասիական IV համաժողովի գիտական օրակարգի կուլմինացիան:
Ֆիլատովի անվան հիմնադրամի նախագահ Եկատերինա Դիբրովան ընդգծել է կենսաբժշկական ինքնիշխանության հասնելու և բժշկական պրակտիկայում առողջ և ակտիվ կյանքի երկարացմանն ուղղված նորարարությունների ներդրման կարևորությունը:
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն իր հերթին նշել է, որ վերջին տարիներին հայաստանյան բժշկությունը, չնայած երկրի ծանր պայմաններին, առաջընթաց է ապրում: Միևնույն ժամանակ, նա մատնանշել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների գլոբալ բնույթը և ընդգծել, որ դրանց լուծման գործում դրական տեղաշարժերը հնարավոր են միայն երկրների միջև համագործակցության դեպքում, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում:
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կանանց եվրասիական 4-րդ համաժողովը: Կանանց Եվրասիական ֆորումին մասնակցելու համար այս տարի հյուսիսային մայրաքաղաք է ժամանել ռեկորդային 2 հազար մասնակից: Նրանց թվում Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներ են, ինչպես նաև ավելի քան 600 հյուրեր աշխարհի 126 երկրներից և 21 միջազգային կազմակերպություններից: Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է հինգ թեմատիկ հարթակ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կանանց մասնակցությանը այսօր մոլորակում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին։