ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելու 40 պատճառը ՀՀ–ն վերացրել է. 1-ի վրա այժմ աշխատում են

ՀՀ կառավարությունը նաև ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթներ հաստատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը վերացրել է Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40-ը։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ ևս մեկ թերություն վերացնելու ուղղությամբ էլ այժմ աշխատանքներ են տարվում։

«Տարիներ ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես պետական մարմին, ունեցել է որոշակի թվով հաստիքներ և ցածր աշխատավարձ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կոմիտեի շատ աշխատակիցներ դուրս են եկել և աշխատանքի անցել մասնավոր ավիաընկերություններում, երբեմն նաև տեղափոխվել այլ երկրներ: Երբ մեր եվրոպացի գործընկերներն այցելեցին Հայաստան ու ուսումնասիրություններ իրականացրին, ապա պարզեցին, որ այդ քանակի մարդկանցով հնարավոր չէ այդ ոլորտի որոշ անվտանգային հարցեր պատշաճ ձևով ապահովել։ Հենց դա էր «սև ցուցակում» հայտնվելու հիմք հանդիսացել»,– ընդգծել է Սանոսյանը։

Շեշտեց` վերջին շտկումներից հետո եվրոպացի գործընկերները կհրավիրվեն Հայաստան` անցկացնելու հերթական աուդիտը։
Սանոսյանը հույս է հայտնել, որ հայկական ավիաուղիների դեպի Եվրոպա թռչելու հնարավորությունները կրկին կվերականգնվեն։
ՏԿԵ նախարարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը նաև ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթեր իրականացնելու ուղղությամբ։ Նրա կարծիքով` 2025 թվականին այդ առումով արդյունք արդեն տեսանելի կլինի։