ԵԱՏՄ-ում պետք է անվտանգության նոր պահանջներ մտցնել գաջեթների համար. Միրոնով

Սերգեյ Միրոնով
Սերգեյ Միրոնովի խոսքով՝ հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհրաժեշտ է գաջեթների անվտանգության նոր պահանջներ ներդնել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։
Միրոնովը հստակեցրել է, որ անվտանգության նոր ստանդարտներ են պետք բոլոր հեռակառավարվող սարքերի նկատմամբ, այսինքն՝ հեռախոսների, համակարգիչների, «խելացի» կենցաղային տեխնիկայի. ինտերնետին հասանելիություն ունեցող ցանկացած սարքի դեպքում պետք է ստուգվի խոցելիություն և օգտատերերի համար պոտենցիալ ռիսկի առկայությունը, և դա պետք է անել տեղեկատվական անվտանգության այն ծրագրերի նմանությամբ, որոնք գործում են պետական կառույցներում։ Բացի այդ, պետք է խստացնել դրա հավաստագրման պահանջները՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները:
«Լիբանանում ահաբեկչությունների ալիքը հաստատում է, որ մարդկությունը թևակոխել է նոր, վտանգավոր տեխնոլոգիական դարաշրջան։ Գլոբալ հսկողության ցանցի ստեղծումից հետո, որը ժամանակին մերկացրել էր Սնոուդենը, հաջորդ քայլն է կատարվել հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Հեռակառավարվող ցանկացած սարք կարող է զանգվածային ոչնչացման և ահաբեկչության զենք դառնալ։ Կամ ընդհակառակը՝ ընտրովի գործողության զենք, կախված է նպատակներից»,-նշել է կուսակցության առաջնորդը։
Բացի այդ, խորհրդարանականը հայտնել է, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկություններ կուղարկի ծրագրային ապահովման և կապի միջոցների մշակման ոլորտներում ներմուծման փոխարինման վերաբերյալ:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ 32 մարդ մահացել է, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։