Անխոհեմ քաղաքականություն է վարում. քաղաքագետը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Արման Գրիգորյան
Արման Գրիգորյանը մտահոգիչ միտումներ է տեսնում ՀԱՊԿ–ին և Ռուսաստանին առնչվող հռետորաբանության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ՀԱՊԿ–ը սպառնալիք է երկրի համար, համահունչ են նրա չմտածված և անխոհեմ քաղաքականությանը։ Այս հայտարարությունն արել է քաղաքագետ, Լիհայ համալսարանի պրոֆեսոր (Փենսիլվանիայի նահանգ) Արման Գրիգորյանը։
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Փորձագետը նշեց, որ հետևողականորեն քննադատել է Փաշինյանի արտաքին և ազգային անվտանգության ոլորտի քաղաքականությունը սկսած այն պահից, երբ նա 2018 թվականին եկավ իշխանության, և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։

«Ռուսաստանից Արևմուտքի կողմ շրջվելու ռազմավարությանն ուղղված Փաշինյանի չմտածված և անխոհեմ քաղաքականությունն այն հարցերից մեկն էր, որի վրա կենտրոնացրել էի ուշադրությունս և քննադատությունը։ Այդ պատճառով հավանաբար ոչ մեկին, ով ծանոթ է հարցի վերաբերյալ իմ դիրքորոշմանն ու նախկին մեկնաբանություններին, չեմ զարմացնի, երբ ասեմ, որ նրա հայտարարությունները չափազանց մտահոգիչ եմ համարում», – ընդգծել է քաղաքագետը ՏԱՍՍ–ի հետ զրույցում։

Նշենք, որ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նաև Կրեմլը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի` ՀԱՊԿ–ի վերաբերյալ գնահատականների հետ։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ–ից որևէ սպառնալիք չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Հակառակը` այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ այդ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնեն Հայաստանի ղեկավարությանը։