«Ամերիաբանկը» 26 մլն դրամ արժողությամբ մեքենա կներմուծի «Ջերմուկ Ինթերնեյշնլի» համար

Տրանսպորտային միջոցի և մյուս սարքավորումների ներմուծումն իրականացվելու է 2024 թ. օգոստոսի 13–ից մինչև 2025 թ. փետրվարի 12–ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ–ն «Ամերիաբանկի» միջոցով կներմուծի 26 մլն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։ Այս և այլ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումը մաքսատուրքից ազատելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․9 մլն դրամ։ Տրանսպորտային միջոցի և մյուս սարքավորումների ներմուծումն իրականացվելու է 2024 թ. օգոստոսի 13–ից մինչև 2025 թ. փետրվարի 12–ն ընկած ժամանակահատվածում։
«Ամերիաբանկը» վաճառվեց․ բաժնետերերի կառուցվածքում փոփոխություններ են եղել
Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիսը։
Նշվում է, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ–ն զբաղվում է «Պեպսի» ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ 2021 թ.–ին ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել «ՊեպսիԿո» համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։
«Ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու, ինչպես նաև արտահանելու նպատակով»,– ասված է որոշման մեջ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 միլիոնը սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7–ը` աշխատավարձային ֆոնդի համար։
Ներկայում առկա է 19 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376 500 դրամ միջին ամսական աշխատավարձով։
Պետք չէ անհարկի վախենալ կամ վտանգ զգալ. Ճզմաչյանը` «Ամերիաբանկի» վաճառքի մասին
Ի դեպ, ընկերության համար նախատեսված ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։