Ադրբեջանը ստում է. գերմանացի պաշտոնյան` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման մասին

Միխայել Ռոթ. Արխիվային լուսանկար
Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով` հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը վստահ է` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վերաբերյալ Բաքվի հերքումներն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Ռոթը հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը` անդրադառնալով տեղահանված արցախցիների վերադարձի վերաբերյալ ԳԴՀ դիրքորոշմանը։
«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է։ Բայց որքան էլ ցավալի է ինձ համար, ես վերադարձի հնարավորություն չեմ տեսնում ու չենք կարող մարդկանց հույս տալ, որ այսինչ բանը կլինի, քանի որ դա չենք կարող երաշխավորել։ Ադրբեջանական կառավարությունն ասում է` էթնիկ զտում և բռնի տեղահանություն տեղի չի ունեցել, բայց բոլորս էլ գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»,– նշեց Ռոթը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։