Մոդուլային ատոմակայանների անվտանգության մասին շատ վաղ է և անհիմն է խոսել, քանի որ դրանք աշխարհում դեռ հավուր պատշաճի շահագործման չեն հանձնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Որպեսզի մենք գնահատենք այդ կայանի սեյսմակայունությունը, սեյսմիկ վտագների հաղթահարման պոտենցյալը, մենք պետք է հիմնվենք որոշակի նախադեպային փորձի վրա, որը պարզապես գոյություն չունի»,– արձանագրում է Դավթյանը։
Փորձագետը նաև հիշեցնում է, որ այս գործընթացը Հայաստանը տանում է ԱՄՆ–ի հետ, մինչդեռ, այդ երկիրը առ այսօր ոչ միայն չունի գեթ մեկ մոդուլային ատոմակայան, այլև 1979 թ–ից ի վեր, երբ տեղի ունեցավ Թրիմայլ Այլենդի (Three Mile Island) ատոմակայանի վթարը, ԱՄՆ–ը խաղաղ ատոմի ոլորտում որևէ նախագիծ չի իրականացրել։
Սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ը ռազմավարական որոշում է կայացրել, որ պետք է ունենա փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։
Որոշման աենակարևոր հիմնավորումն, ըստ Փաշինյանի` անվտանգությունն է։ Մասնագետներն ասել են, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, և, եթե մոդուլյար ատոմակայանի ներսում վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։
«Հայաստանը պետք է ունենա մոդուլյար ատոմակայան, որը և՛ ՀՀ-ի, և՛ հարևան երկրների համար չգնահատվի որպես սպառնալիք»,– ասել է Փաշինյանը։
Վահե Դավթյանը չի բացառում, որ այս «ռազմավարական» որոշումը ՀՀ իշխանությունների կողմից հերթական զիջումն է «հարևան երկրներին»։