ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի ուղղությամբ կրակած ծառայակցին մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամկետային զինծառայողներից մեկը սեպտեմբերի 15–ին` ժամը 18:45–ի սահմաններում, զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, ինչպես նաև ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին մեղադրանք է ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։
«Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք»,– ասված է հաղորդագրությունում:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Նախաքննությունը շարունակվում է։