Թուրքիայում ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների փոփոխություն է տեղի ունենում. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ցամաքային սահմանը բացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է։ Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում ու ըստ էության` պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում։
«Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ։ Մենք ասում ենք` 29 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը` իրավունք, որ երաշխավորված է ՄԱԿ–ի կանոնադրությամբ։ Ընդ որում, ՄԱԿ–ի և այլ միջազգային փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն` ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,– հիշեցրեց ՀՀ վարչապետը։
Անդրադառանալով հարցին` ինչպես է նա պատկերցնում ՀՀ անվտանգային միջավայրը կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին՝ մեր միջավայրում ագրեսիվ մտադրությունների նվազեցման հետ։
Նա ընդգծեց, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են և այստեղ երկարաժամկետ հատվածում հակամարտության որևէ պոտենցիալ չկա։
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանության ոլորտին վերաբերող հուշագիր են ստորագրել
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ցամաքային սահմանի բացում անենք։ Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք դեռ զգալի արդյունքներ չեն արձանագրել, սակայն կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։