Նոր ձևավորվող կովկասյան «ստատուս քվո»-ում Իրանն ուզում է իր դերն ունենալ․ Սուրենյանց

Վերլուծաբանը հիշեցնում է, որ այս տարիների ընթացքում Իրանը երբևէ չի մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Իրանն ու Ռուսաստանը եվրասիական օրակարգի հարցերի զգալի մասում ունեն դիրքորուշումների ընդհանրություններ, բայց այնպես չէ, որ դրանք միշտ 100 տոկոսով նույնական են, ինչը նորմալ է երկու տարբեր պետությունների համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ Իրանի ակտիվացման մասին՝ Սուրենյանցը նշեց՝ դա մի քանի պատճառ ունի։
Իրանը, ըստ բանախոսի, Հայաստանի և Ադրբեջանի հարևանությամբ գտնվելով, երբեք ներգրավված չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ ոչ Մինսկի խմբի անդամ է եղել, ոչ մասնակցել է նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Միակ դեպքը, երբ Իրանը միջամտել է, 1992թ-ին էր։ Նոյեմբերի 7-ին Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաև տարածաշրջանի հիմնահարցերը քննարկելու համար Թեհրան ժամանեցին Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը և Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Այսօր Իրանը ցանկանում է նոր ձևավորվող կովկասյան «ստատուս քվո»-ում ունենալ իր դերը»,- շեշտում է Սուրենյանցը։
Հավելում է՝ Իրանի վերաբերմունքը տարբերվում է Ռուսաստանի վերաբերմունքից Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Քանի որ ՌԴ-ի համար այս երկրները ինչ-որ առումով արևմտյան պատժամիջոցները շրջանցելու միջոց են, իսկ Իրանի համար Թուրքիան ու Ադրբեջանն ԱՄՆ-ի ու նաև Իսրայելի դաշնակիցն են։
Ըստ քաղաքագետի՝ Իրանը բարձրացրեց «Զանգեզուրի միջանցքի» թեման ոչ թե Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունենալու, այլ իր շահերից բխող համաձայնությունների գալու համար։ Քաղաքագետը չի բացառում, որ երեկ Ռուսաստանն ու Իրանը եկել են այդ համաձայնությանը։
Հիշեցնենք՝ երեկ չհայտարարված այցով Թեհրանում գտնվող ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բառացիորեն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Ռուսաստաննն աջակցում է Իրանի քաղաքականությանը։ Ըստ իրանական IRIB հեռուստաալիքի՝ Շոյգուն հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»: