ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան HSE GCII 2024 քաղաքների նորարարական գրավչության համաշխարհային վարկանիշի 9-րդ հորիզոնականում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վկայում են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի վիճակագրական հետազոտությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տվյալները։
Նշվում է, որ Մոսկվայի վարկանիշն ապահովվել են տեխնոլոգիական զարգացման (7-րդ տեղ), ստեղծարար ինդուստրիայի (15-րդ տեղ) և քաղաքային միջավայրի (6-րդ տեղ) ոլորտներում ունեցած բարձր դիրքերը։
Հետազոտությունն արձանագրում է, որ Մոսկվան առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների թվով (համապատասխանաբար 26 և 60) առաջատարների եռյակում է և չորրորդ տեղն է զբաղեցնում արվեստի ոլորտի կրթական առաջատարների թվով (11)։ ՌԴ մայրաքաղաքը հայտնվել է նաև երաժշտական ինդուստրիայի և արվեստի լավագույն տասնյակում։
Բացի այդ, Մոսկվան վեցերորդ հորիզոնականում է քաղաքային միջավայրի մակարդակով` առաջ անցնելով այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Բեռլինն ու Նյու Յորքը։ Առանցքային գործոնների թվում նշվում են բիզնեսի համար առկա բարենպաստ պայմանները (5-րդ տեղ), մոբիլության բարձր մակարդակն (18-րդ տեղ) ու մատչելի կյանքը (28-րդ տեղ)։
Վարկանիշի լավագույն 1000-յակում են հայտնվել ռուսական 26 քաղաքներ, որոնց թվում են Սանկտ Պետերբուրգն (73-րդ տեղ) ու Նովոսիբիրսկը (183-րդ տեղ)։
Առաջին հորիզոնականում Լոնդոնն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Տոկիոն, Պեկինը և Սան Ֆրանցիսկոն, Փարիզը վեցերորդն է, տասնյակը փակում են Շանհայը, Լոս Անջելեսն ու Սեուլը։
Ուսումնասիրության մեջ ընդհանուր առմամբ ներառվել են աշխարհի 144 երկրների ավելի քան 1000 քաղաքներ։