ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանում կատարվածը հանցագործություն է, որն ուղղված է մարդկության դեմ։ Այսօր Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Փոլա Յակուբյանը` անդրադառնալով այդ երկրում իրականացված կիբեռհարձակմանը։։
Սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Անդրադառնալով Իսրայելին՝ Յակուբյանը շեշտեց՝ քաղաքակիրթ, ժողովրդավար երկիրը փաստացի վերածվել է ահաբեկչական պետության։
«Սա ոչ միայն «Հզբոլլահը» թիրախավորելու, այլ առհասարակ տեխնոլոգիաները, գիտությունը, արհեստական բանականությունն ու հաղորդակցության ուղիները թիրախավորելու մասին է»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` կատարվածը ստիպել է նոր հայացքով նայել մեր բջջային հեռախոսներին, ինչը նախկինում չի եղել։ Նման կիբեռհարձակումն աննախադեպ է ու շատ վտանգավոր մարդկության ապագայի համար։
«Չգիտեմ՝ ինչպես են դա արել, բայց գիտեմ, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, դատապարտվեն»,- ասաց Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների`կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։