ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Ներկա տարածքով Հայաստանի Հանրապետության պահպանության հարցով միայն երկու երկիր է շահագրգռված՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ մյուս երկրները (մասնավորաբար` արևմտյան) մեր թշնամիները չեն, պարզապես նրանց աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման պարագայում կարող է զոհաբերվել մեր տարածքի մի մասը։
«ՀՀ իշխանությունը միտումնավոր շփոթ է առաջացնում՝ փորձելով ռազմատեխնիկական համագործակցությունն անվտանգության երաշխիքի տեղ մատուցել ժողովրդին։ Դրանք միանգամայն տարբեր են․ կարող ես տասնյակ երկրների հետ ունենալ ռազմատեխնիկական համագործակցություն, իսկ անվտանգության երաշխիքը դիվանագիտության և քաղաքականության մեջ հստակ կատեգորիա է․ դա այն դեպքն է, երբ մի երկիր գրավոր ստանձնում է ռազմական միջամտություն անելու պարտավորություն, եթե դու ենթարկվես Ադրբեջանի ագրեսիային»,- շեշտում է Սուրենյանցը։
Արևմուտքում կամ այլուր, նրա խոսքով, չի գտնվի մի երկիր, որը նման երաշխիք կտա։ Մինչև այսօր միայն մի երկիր է նման պարտավորություն տվել ՀՀ-ին՝ ՌԴ-ն։ Ըստ Սուրենյանցի՝ խոսակցության այլ թեմա է պարտավորության կատարումից դժգոհությունը։
«Ուժեղ անձրևի պարագայում դուք կգերադասեք թեկուզ ծակ անձրևանոցի տակ մնա՞լ, թե՞ դա էլ նետել մի կողմ ու մնալ հորդառատ անձրևի տակ»,- հարց է ուղղում քաղաքական վերլուծաբանը։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:
Կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:
Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:
Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով: