Երեք անձ ձերբակալվել է, ևս երկուսը որոնվում են քաղաքացուն առևանգելու համար․ ՀՀ ՔԿ

Տուժողի կամքին հակառակ նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք, որտեղ հավաքվածները բռունցքով հարվածել են տուժողի գլխին, հետո սպառնացել կյանքից զրկել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երեք անձ է ձերբակալվել քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։
Պարզվել է, որ քրեական վարույթով տուժող ճանաչված անձը գումարային հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել Ռ.Բ.-ի հետ:
Վերջինիս ընկեր Ա.Հ.-ն, որը միաժամանակ հանդիսանում է տուժողի մորեղբոր տղան, զանգահարել է տուժողին և պահանջել ու պնդել պարտք-գումարն անհապաղ վճարել՝ միաժամանակ պահանջելով հանդիպել:
«Նշված հանդիպմանը Ա.Հ.-ն գնացել է իր չորս ընկերների հետ, որի ժամանակ հայտնել է, թե պարտք-գումարի դիմաց տուժողին պատկանող «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան պետք է տանի Էջմիածին քաղաք՝ սպառնալով, որ եթե իրենց հետ չգնա, նրան ավտոմեքենայի բեռնախցիկում կտեղափոխեն»,- ասվում է ՀՀ ՔԿ հաղորդագրությունում:
Այնուհետև տուժողի կամքին հակառակ վերջինիս նստեցրել են նրան պատկանող ավտոմեքենայի հետնամասում և տեղափոխել Էջմիածին քաղաք, որտեղ Ա.Հ.-ն և վերջինիս ընկերներից մեկը յուրաքանչյուրը մեկ անգամ բռունցքով հարվածել են տուժողի գլխի հատվածին, իսկ Ա.Հ.-ն սպառնացել է կյանքից զրկել նրան, եթե հաջորդ օրը չվերադարձնի գումարը:
Դրանից հետո նշված ավտոմեքենայով տուժողինտեղափոխել են Էջմիածին-Մասիս ճանապարհահատված, որտեղ նրանց դիմավորել է Ռ.Բ.-ն։ Վերջինս հնչեցրել է հայհոյանքներ ու պահանջել պարտք մնացած գումարը վերադարձնել մինչև հաջորդ օրվա ժամը 13։00-ը՝ սպառնալով սպանել նրան և վնասել ընտանիքի անդամներին:
Հայտնաբերվել և ձերբակալվել է 55–ամյա կնոջն առևանգած հանցավոր խմբի 5–րդ անդամը. ՔԿ
Նշվում է, որ վերոհիշյալ անձանցից երեքը, ովքեր ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ են, հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 460-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի 1-ին մասով։