ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 127-րդ ջոկատ:
Ինչպես հայտնում են ՌԴ դեսպանատնից, դեսպանը հանդիպել է ջոկատի հրամանատար, գնդապետ Ա. Շչերբակովի հետ, ծանոթացել հաջորդ տարի 70-ամյակը նշող ստորաբաժանման պատմությանը:
Շչերբակովը ներկայացրել է պատասխանատվության հատվածում իրավիճակը և նշել ջոկատի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացիկ տարվա որոշ՝ առավել նշանակալի արդյունքներ: Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրանյութերի մաքսանենգության խոշոր խմբաքանակի կասեցումը, «Ագարակ» անցակետում պետական սահմանը խախտողների բազմաթիվ ձերբակալություններ։
Դեսպանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանին:
Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները ներկայումս տեղակայված են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին։ Նախկինում նրանք հայ գործընկերների հետ համատեղ վերահսկողություն էին իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետում, սակայն օգոստոսի 1-ից Հայաստանի խնդրանքով հեռացել են այնտեղից: