ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Արցախգազ» ՓԲԸ–ի ավելի քան 50 աշխատակցի զբաղվածության խնդիրը լուծվել է, նրանք աշխատում են «Գազպրոմ Արմենիա»–ում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունը նաև շարունակում է իր սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է «Գազպրոմ Արմենիա»–ի հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ Նրանց համար երեքանգամյա սնունդով ճաշարան է գործում։ Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում` երեխաներ։
Արցախցի երեխաները Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում
© Photo : press office of Gazprom Armenia
Ընկերությունը նաև ապահովում է 4 երեխայի անվճար ուսուցումը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում։
Ավելի վաղ, 600 բազմազավակ արցախցի ընտանիքների` 6 ամիս ժամկետով «Գազպրոմ Արմենիա»–ն փոխհատուցել էր վարձակալության և կոմունալ ծախսերի վճարները։
Արցախցի ևս 1300 ընտանիքի էլ հատկացվել էր միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։