Առաջին անգամ Հայաստանում է «Google»-ի պատվիրակությունը

ԲՏԱ նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Առաջին անգամ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել «Google» ընկերության պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:
««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»-ասել է նախարարը:
Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
Հայկական տեղանունների ադրբեջաներեն տարբերակները հեռացվել են «Google»–ի հավելվածներից
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է միասնական պետական էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման մրցույթ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մխիթար Հայրապետյանն այդ առիթով հանդիպումներ է ունեցել համաշխարհային մի շարք առաջատար ընկերությունների հետ: