ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ակտիվացել է Հարավային Կովկասում՝ փորձելով օգտվել «հնարավորությունների պատուհանից», քանի որ կա ըմբռնում, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը ընդհուպ «կզբաղվի» այս տարածաշրջանով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Այնուհետև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի աջակցել երկու երկրներին բոլոր հնարավոր միջոցներով` ներառյալ հանդիպման կազմակերպումը, եթե դա օգտակար լինի»:
Ստեփան Դանիելյան
© Sputnik / Asatur Yesayants
Դանիելյանը մտավախություն ունի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն արագացնելու իր փորձերում ԱՄՆ-ն ավելի շուտ ճնշելու է Հայաստանին, քան Ադրբեջանին։
«Որպես կանոն, ճնշում են գործադրում այն երկրների վրա, որոնք միջազգային ասպարեզում թույլ ազդեցություն ու անկայուն դիրքեր ունեն և չունեն հստակ արտաքին քաղաքականություն»,- կարծում է փորձագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը նախընտրական շրջանում անհրաժեշտ են արտաքին քաղաքականության ասպարեզում հաղթանակներ՝ ստորագրված փաստաթղթեր, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ընտրազանգվածին:
«Հարավային Կովկասում ԱՄՆ–ի ակտիվության մեջ ոչ մի նոր բան չկա։ Այն սկսվել է վաղուց՝ դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ Եվ հասկանալի է, որ պատճառը Սյունիքն է։ ԱՄՆ-ի հետաքրքրությունն այսպես կոչված «Միջին միջանցքի» ստեղծումն է, որն ավելի ճիշտ էր անվանել «թյուրքական միջանցք»՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու և Չինաստանին զսպելու երկարաժամկետ նպատակով», - նկատում է Դանիելյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ առաջատար դերակատարներն ակտիվացել են ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում: Մասնավորապես Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ ակտիվ հանդիպումներ են անցկացվում տվյալ տարածաշրջանում: «Այլ կերպ ասած՝ առաջին հերթին աշխարհաքաղաքական պայքար է ծավալվել դեպի Չինաստանի սահմաններ տանող ճանապարհի շուրջ՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը»,– ասում է նա։
Արևմուտքն այսպիսով բարենպաստ պայմաններ է ստեղծում «թյուրքական միջանցքի» ձևավորման համար՝ Ռուսաստանին դուրս մղելով տարածաշրջանից և սահմանափակելով Իրանի ազդեցությունը։ Նույն նպատակին են ծառայում նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին միջամտելու փորձերը։
Դանիելյանը բնական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը, քանի որ նրա հիմնական նախընտրական թեզը լինելու է այն, որ ինքը «խաղաղություն բերեց»:
Ընդ որում` Հայաստանի իշխանությունների սխալները, ինչպիսիք են եվրադիտորդներ հրավիրելը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մակարդակով Սյունիքով անցնող «միջանցքի» վերահսկողությունը օտարերկրյա մասնավոր ընկերությանը հանձնելու պատրաստակամությունը, հանգեցնում են տարածաշրջանում առանց այն էլ շիկացած իրավիճակի հավելյալ սրմանը։
«Թյուրքական միջանցքի» գաղափարին դեմ Է Թեհրանը, քանի որ այն կարող է խնդիրներ ստեղծել Իրանի տարածքային ամբողջականության հարցում։ Նա զորքերը բերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ և ուղղակիորեն հայտարարում, որ անհրաժեշտության դեպքում կլինի ռազմական միջամտություն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում գնալով ավելի կոշտ է դառնում։
Դանիելյանը նշում է, որ կոշտ դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը՝ տեսնելով, որ հայկական ղեկավարությունը պատրաստ է Սյունիքով անցնող «միջանցքի» վերահսկողությունը հանձնել երրորդ կողմին և մասնավորապես արևմտյան միջնորդության միջոցով՝ Թուրքիային։
«Հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումների կոշտությունը՝ Փաշինյանը Բաքվին կոչ է անում ստորագրել խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը՝ մնացած 3 կետերը թողնելով հետագային։ Մինչդեռ հենց վերջին կետերն են վերաբերում հաղորդակցություններին և «կռվախնձոր» են մնում Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հենց այդ պատճառով մերժեցին Փաշինյանի առաջարկը»,- ընդգծում է քաղաքագետը։
Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք և Իրան-Արևմուտք կոշտ դիմակայությունը՝ Բաքուն փորձում է օգտվել իրավիճակից և ստանալ «առավելագույնը», առավել ևս, որ Երևանը համաձայն է տարածքային զիջումների: Դանիելյանի կարծիքով՝ հայկական կողմից զիջումները շարունակվելու են, առաջին հերթին՝ անկլավների մասով։
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ-միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին արևմտյան ուժերը հայ հասարակությանը համոզում էին, որ Ռուսաստանից հեռանալը և դեպի Արևմուտք շրջվելը ՀՀ–ին կդարձնի Եվրոպայի մաս և ավելի ապահով պետություն, սակայն դա սուտ դուրս եկավ, հիմա նրանք պետք է կրկնապատկեն իրենց ծախսերը Հայաստանում, որ շարունակեն խաբել հայ ժողովրդին։
Արթուր Խաչիկյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Քաղաքագետը համոզված է, որ ԱՄՆ–ն շարունակում է գումարներ հատկացել հայ ժողովրդի գիտակցության վրա ներգործելու համար, ամերիկյան դրամաշնորհային օգնությունը կծախսվի եվրոհեքիաթների և եվրոթատրոնի, բայց ոչ երբեք անվտանգության բարձրացման, պաշտպանունակության ամրապնդման կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա:
«Շատ լավ գիտենք` այդ փողն ուր է գնալու. մեր ժողովրդին շարունակելու են սովորեցնել, որ շուտով Հայաստան կարող ենք չունենալ, բոլորս կդառնանք գաղթական, սակայն պետք չէ դրա մասին խոսել, պետք է խաշլամա ուտել, հեծանիվ քշել, Արևմուտքի հետ ինչ-որ կոնֆերանսներ կազմակերպել, որտեղ մեզ կխոստանան, որ ամեն ինչ լավ կլինի, պետք չէ բանակ, պետություն ունենալ,։ Դա շարունակվող մանիպուլյացիա է։ Եթե ԱՄՆ–ն ինչ–որ արդյունավետ բան արած լիներ ՀՀ–ի համար, այնպես կաներ, որ բոլորն իմանային այդ մասին։ Մենք կլսեինք, որ նրանք ապահովում են, երաշխավորում են ՀՀ անվտանգությունը, ռեալ ռազմական ուժ կուղարկեին, ինչ–որ դաշինք կառաջարկեին կամ կպահանջեին, որ Ադրբեջանը հետ քաշվի ՀՀ տարածքից։ Բայց տեսնում ենք, որ այդպիսի բան չկա»,– նշեց մեր զրուցակիցը։
Խաչիկյանը միաժամանակ ընդունում է, որ դժվար է «արդյունավետ» աջակցություն ակնկալել այլ երկրներից, երբ Հայաստանի իշխանությունները պատշաճ արդյունավետություն չեն ցուցաբերում։
«Եթե ներկայիս իշխանությունները արդյունավետ աշխատեին, ապա առաջին հերթին նրանք ժամանակին կկանգնեցնեին 2020 թվականի պատերազմը։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նույնիսկ հպարտանում են, որ անընդհատ ինչ-որ զիջումների են գնում, նվաստանում, ու շարունակում են նույն ոգով։ Դրա պատճառով Հայաստանը դառնում է ծաղրի առարկա և չի կարող հույս դնել այլ պետությունների կողմից լուրջ վերաբերմունքի վրա», - եզրափակեց քաղաքագետը։
Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրենի հետ և ստորագրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Դրա արդյունքում ավելի քան կրկնապատկվում է USAID-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները։