Այս փաստաթուղթը չի ստորագրվելու․ Սուրենյանցը՝ խաղաղության պայմանագրի մասին

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Վերլուծաբանը կարծում է, որ փաստաթուղթը Փաշինյանի պետք է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս գալու համար, քանի որ մինչև հիմա դրան համարժեք փաստաթուղթ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Խաղաղության պայմանագիրը ակնհայտորեն չի ստորագրվելու գոնե տեսանելի ապագայում։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Նույնիսկ անհարմար եմ զգում և ամաչում եմ, որ տարրական դիվանագիտական խրատներ են տալիս մեզ Բաքվից։ Օրինակ` երեկ նրանց ԱԳՆ խոսնակն ասում էր՝ դիվանագիտության մեջ կա մի ոսկե կանոն, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»,- ասում է Սուրենյանցը՝ խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին։
Նշենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 13-ն ամբողջությամբ արդեն համաձայնեցված է և առաջարկել էր Ադրբեջանին ստորագրել փաստաթուղթը համաձայնեցված հոդվածներով, իսկ մյուսների շուրջ շարունակել քննարկումները։
Ըստ Սուրենյանցի՝ Փաշինյանն Ալիևին բացահայտ գործարք է առաջարկում։
«Դու ինձ տալիս ես իշխանության վերարտադրության ալիբի, դատարկ թուղթ, որի վրա կգրվի խաղաղության պայմանագիր։ Դա նրան երկու նպատակով է պետք, որ հասարակությանը ներկայանա այդ դատարկ թղթով, բայց ասի, որ խաղաղություն բերեց։ Միայն այդպես նա կարող է լեգիտիմացնել 2026-ի ընտրություններում իր իշխանությունը վերարտադրելու օրակարգը։ Երկրորդ նպատակը նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալու համար հիմքի ստեղծումն է»,- նշում է քաղաքական վերլուծաբանը։
Շեշտում է՝ այսօրվա դրությամբ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթին փոխարինող համարժեք փաստաթուղթ չի ստացել ոչ արևմտյան հարթակներում, ոչ էլ երկկողմ ձևաչափով։ Կարծում է, որ Ալիևը հակված չէ նման գնով Փաշինյանին այդ բոնուսը տալ։ Այսօր Սահմանադրության պահանջ է դրվում, որը կատարելու դեպքում էլ, վստահ է` նոր պահանջներ են ներկայացվելու։