Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պահվածքը զայրացրել է եվրախորհրդարանականներին

Թեև Եվրահանձնաժողովի ղեկավարն ինքն է որոշում, թե ինչպես ներկայացնել կաբինետի նոր կազմը, սակայն նրա պահվածքը հարուցել է եվրախորհրդարանականների վրդովմունքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին այն բանի համար, որ նա Եվրահանձնաժողովի կազմի թարմացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել մամուլի ասուլիսում, այլ ոչ թե եվրախորհրդարանականների հետ հանդիպմանը, գրում են եվրոպական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը, որը վերընտրվել է նոր ժամկետով, այսօր ներկայացրել է հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի կազմի վերաբերյալ իր առաջարկները:
«Եվրախորհրդարանում վրդովմունք է առաջացրել այն, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դել Լյայենը հրաժարվել է իր ծրագրերն ամբողջությամբ ներկայացնել Եվրախորհրդարանի բարձրաստիճան պատգամավորներին, իսկ րոպեներ անց դրանք բացահայտել է լրագրողների առաջ»,-փոխանցում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ որոշ պատգամավորներ ցնցված են ֆոն դեր Լյայենի արհամարհական մոտեցումից։ Իսկ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մանոն Օբրին Եվրահանձնաժողովի ղեկավարի այս քայլը գնահատել է որպես Եվրախորհրդարանի հանդեպ արհամարհական վերաբերմունքի ցցուն արտահայտություն:
«Անկեղծ ասած, դա խայտառակություն է», - ասել է Օբրին՝ ընդգծելով, որ ինքը խնդրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենին հանձնաժողովի նոր կազմի վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել մամուլի ասուլիսից առաջ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, սակայն պատասխան չի ստացել:
Եվրահանձնաժողովի նոր կազմի ընտրության գործընթացում ֆոն դեր Լյայենին չի հաջողվել խուսափել սկանդալներից, որոնք վերջին շրջանում ուղեկցում են ԵՀ ղեկավարին: Ի թիվս այլ բաների, պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիայի, լոբբիզմի և անգրագետ որոշումների մեջ: