ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ քննիչները դիմել են երեք պետությունների իրավապահ մարմիններին՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա ահաբեկիչների հարձակման գործի հետաքննության հարցում օգնություն ստանալու համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս մասին ասվում է գործի նյութերում։
«Երեք օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին իրավական օգնության ութ հարցում է ուղարկվել, կատարվել են նաև այլ քննչական և դատավարական գործողություններ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների պարզմանը»,-ասված է փաստաթղթերից մեկում:
Նշվում է նաև, որ գործով տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1,7 հազար մարդ, որպես վկա հարցաքննվել է ավելի քան 800 մարդ: Կատարվել է ավելի քանի 20 խուզարկություն, դեպքի վայրի 65-ից ավելի զննություն, նշանակվել է ավելի քան 650 տարբեր դատական փորձաքննություն:
Հիշեցնենք` «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն տեղի ունեցավ մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգ զենքից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ, տուժեց` ավելի քան 550-ը։
Այս ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել։ Ենթադրյալ կատարողներից չորսին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահվան պատճառ դարձած ահաբեկչություն կատարելու, իսկ մյուսներին՝ այդ հանցագործության կատարմանը նպաստելու համար: