Փաշինյանը կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Ֆրանկոֆոնիայի թեման Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։
«Մոտ 10 օրից Վիլեր–Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին հյուրընկալվելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանկոֆոնիայի թեման քննարկվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,– նշեց Դըկոտինյին։
Նրա խոսքով` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առանձնահատուկ կապ է ստեղծում երկու երկրների միջև։ Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ դա Հայաստանի համար նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազմոլորտ համագործակցություն է ենթադրվում` քաղաքական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարության ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում 1986 թվականից ի վեր։ Գագաթնաժողովներում պետությունների կամ կառավարության ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականությանը, համաշխարհային տնտեսությանը, ֆրանկոֆոնիայի համագործակցությանը, մարդու իրավունքներին ու կրթությանը, մշակույթին ու ժողովրդավարությանը առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի ընթացքում բանաձևեր են ընդունվում, գլխավոր քարտուղար է ընտրվում և մի շարք այլ որոշումներ են կայացվում։
Նշենք նաև, որ Հայաստանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է, և Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն բանաձև է ընդունել ու դատապարտել ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները