ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Նորագավիթ թաղամասում երկու պատերազմների մասնակից, 26-ամյա Մհեր Խաչատրյանի սպանության մասնակիցներից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3-ը հետախուզվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել, որ Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքներով:
Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։
Սպանության պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մհեր Խաչատրյանի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:
«Ն.Ա.–ն տեղեկանալով Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մհեր Խաչատրյանը: Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, մի խումբ անձանց հետ դարանակալել են՝ սպասելով նպաստավոր պահի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մհեր Խաչատրյանի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել է վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մհեր Խաչատրյանի ուղղությամբ, որին միացել է Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով ու պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Քրեական վարույթի ընթացքում ապօրինի զենք պահելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու հատկանիշներով Ս.Հ.-ն, Ն.Ա.-ն Է․Մ-ն կալանավորվել են։
Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Հ.Մ.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Սպանության ևս երկու մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։