Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով

Երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիn վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում։ Պայթյունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։
Isna-ն հայտնում է, որ դեսպանի վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով։
Նշվում է, որ փեյջերները մինչ օրս օգտագործվում են «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից կապի փակ համակարգում։ Այս սարքերն ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման և հաքերային հարձակումների։
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միաժամանակյա պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը։
Ենթադրվում է, որ փեյջերների պայթեցումը տեղի է ունեցել իսրայելական կիբեռհարձակման արդյունքում։ Այն կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Քեշերը։ Ավելի վաղ նա արդեն իրականացրել էր այլ գործողություններ՝ ուղղված «Հըզբոլլահ» կազմակերպության լոգիստիկ ուղիների դեմ։