Ինչպիսի տեսք ունի Էջմիածինը վերականգնումից հետո. կադրեր Մայր տաճարից

Sputnik
Էջմիածնի Մայր տաճարի դռները հավատացյալների համար կրկին կբացվեն սեպտեմբերի 29-ին` վերաօծման արարողության ժամանակ։
Տաճարի պատմության մեջ առաջին անգամ այն իր դռները փակել էր ամբողջ վեց տարով։ Առաջին անգամ էին իրականացվում նաև լիարժեք վերակառուցման և վերականգնման աշխատանքները` հիմքի ամրացումից մինչև նոր խաչի տեղադրում։
«Նախագծի վրա ընդհանուր առմամբ աշխատել ենք 12 տարի։ Տասնյակ մարդիկ են աշխատել։ Սա շատ պատասխանատու նախագիծ է, և երբ ինձ հրավիրեցին՝ մտածելու ժամանակ խնդրեցի, քանի որ վախենում էի, որ չեմ կարողանա, թեև քիչ փորձ չունեմ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց վերակառուցման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։
Նա հավելեց, որ շենքի պատմական տեսքը չի փոփոխվել։
Գմբեթի ճաքերը փակվել են հատուկ ժամանակակից նյութերով, կրող սյուներն ու պատերն ամրացվել են, որմնանկարները՝ վերականգնվել։
«Թոռնուհիներիցս մեկը ծննդյանս օրը Մայր Աթոռի պատկերով գրաֆիկական աշխատանք էր նվիրել», – ասաց Բադիշյանը։
Բադիշյանն այնքան տարվեց այդ աշխատանքով, որ ներգրավեց նաև իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ թոռնուհիներին։
Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Աշխեն Պապոյանն իր հերթին խոստովանեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, երբևէ չի զղջացել, որ սկսել է աշխատել այս նախագծի վրա։
Նրա խոսքով` իսկզբանե նախատեսվում էր մաքրել որմնանկարները, բայց ավելի ուշ պարզվեց, որ դրանք կապիտալ վերականգնման կարիք ունեն (ընդհանուր 600 քմ)։
1 / 3

2 / 3

3 / 3

«Հայտնաբերվել են նաև որմնանկարների տակի շերտերը, որոնք նկարվել են Նաղաշ Հովնաթանի ժամանակներում։ Դրանք մենք պահպանել են Էջմիածնի թանգարանում հետագա ցուցադրության համար», – ասաց նա։
Պապոյանն ընդգծեց, որ տաճարն իր սկզբնական տեսքը չի կորցրել։ Ամբողջությամբ վերարտադրվել է միայն սանդուղքի զարդանախշը, որը գրեթե չէր պահպանվել։
4-րդ դարի սկզբին կառուցված Մայր տաճարում վերջին անգամ մեծածավալ վերանորոգման աշխատանքներ էին տարվել 1620–ականներին` կաթողիկոս Մովսես Տաթևացու օրոք։