ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն, որի կազմում են խոսնակը, փոխխոսնակներն ու այլ բարձրաստիճան այրեր, հավանության է արժանացրել նախագահ Էմանուել Մակրոնին պաշտոնանկ անելու բանաձևի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է BFM հեռուստաալիքը։
Որոշումն ընդունվել է 12 կողմ և 10 դեմ ձայներով։ Նախագծի նախաձեռնողը ձախ ուժերի առաջնորդներից մեկի` Ժան–Լյուկ Մելանշոնի ղեկավարած «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունն է։ Փաստաթղթին աջակցել են նաև «կանաչների» և կոմունիստների ներկայացուցիչները։
Բանաձևը ստորագրել են 577 պատգամավորներից 81-ը, այն դեպքում երբ դրա ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանի 2/3–ի աջակցությունը, այսինքն` 385 քվե։
Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը նշել է, որ բանաձևը չընդունվելու դեպքում կամրապնդի Մակրոնի դիրքերը` նրան լրացուցիչ լեգիտիմություն հաղորդելով։
Այժմ նախագիծը ուսումնասիրության կուղարկվի իրավական հարցերի հանձնաժողով, որը երկու շաբաթվա ընթացքում կտա իր եզրակացությունը։ Դրանից հետո հարցը քննարկման կդրվի խորհրդարանի լիագումար նիստում։
Թեև հավանականությունը քիչ է, որ բանաձևը կընդունվի, այդուհանդերձ ֆրանսիական ԶԼՄ–ներն ընդգծում են իրադարձության պատմական նշանակությունը` Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնանկությանը հարցը կքննարկվի խորհրդարանում։