Երևան-Սևան ավտոճանապարհի «Զովք» սուպերմարկետի մոտից 15 քաղաքացի է բերման ենթարկվել․ ՆԳՆ

Արխիվային լուսանկար
Իրավապահները նշում են՝ սա որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու համար չէ, այլ երթևեկության մասնակիցների անվտանգության նպատակով է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Երևան-Սևան ավտոճանապարհի «Զովք» սուպերմարկետի մոտից 15 քաղաքացի է բերման ենթարկվել։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես ոստիկանությունից հայտնում են՝ ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։ «Զովքի» աշխատակիցները փորձել են խոչընդոտել աշխատանքների իրականացմանը՝ անհնազանդության ակցիա իրականացնելով։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։ 15 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին»,- նշեցին ոստիկանությունից։
Շեշտում են՝ սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում: