ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ–ն և իր դաշնակիցները այլևս չեն թաքցնում մեր տարածաշրջանի հետ կապված իրենց պլանները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի»* հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերի ելույթում հնչած որոշ հայտարարություններ։
Բաերը ասել է, որ Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանին հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում` միաժամանակ չթաքցնելով, որ դա «քաղաքական առումով ցավոտ է լինելու»։ Իսկ Մոսկվան, ըստ նրա, «փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը»։ Ամերիկացի վերլուծաբանի գնահատմամբ` Հայաստանը Մոսկվայի «կախվածության բեռից» ազատվելու համար երկար ճանապարհ ունի անցնելու, ուստի «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել:
Թե ինչ նկատի ունի «ցուրտ ձմեռներ» ասելով` Բայերը չի մանրամասնել։ Փոխարենը Վաշինգտոնի անունից խոստացել է պահպանել տևական աջակցություն։
Վերլուծելով Բաերի ելույթը` Արման Բոշյանը եզրակացնում է, որ ԱՄՆ–ն և իր դաշնակիցները, մասնավորապես` Թուրքիան բացահայտ հայտարարում են տարածաշրջանն իրենց պրոտեկտորատի տակ վերցնելու ցանկության մասին։
«Այսինքն` ուզում են գաղութացնեն տնտեսական, ֆինանսական և ռազմական միջոցներով։ Այստեղ ոչ մի խոսք չկա Հայաստանի անկախության մասին»,– արձանագրում է Բոշյանը։
«Ցուրտ ձմեռներին» վերաբերող Բայերի սպառնալիքը փորձագետը մեկնաբանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման հնարավոր հետևանքների համատեքստում։
«Նկատի ունի, որ մենք մնալու ենք առանց գազ, առանց էլեկտրաէներգիա, որովհետև, եթե մենք Ռուսաստանի հետ թշնամանանք, բնականաբար, ՌԴ–ն մեզ գազը կա՛մ կծախի բարձր գներով, կա՛մ կդադարեցնի մատակարարումը։ Եվ խոսքը միայն գազի մասին չէ։ ՀՀ տնտեսությունը 100 տոկոսով, բոլոր ռեսուրսներով կապված է Ռուսաստանի հետ։ Եվ Արևմուտքից մեզ բացահայտ ասում են. «եթե դուք ՌԴ–ից երես շրջեք, դա կարող է դադարեցվել։ Մենք էլ ձեզ չենք կարող օգնել, սոված մնացե՛ք»»,– վերլուծում է Բոշյանը։
Բաերը նաև ներկայացրել է Հայաստանում ամերիկյան քաղաքականության հիմնական թեզերը` նշելով, որ Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հանձնառություններից մեկը Հայաստանի միլիտարիզացիան է` Ուկրաինայի օրինակով:
Ստեղծված ծանր իրավիճակում ՀՀ իշխանությունները, քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանի շահերից բխող քաղաքականություն վարելու փոխարեն փորձում են հարմարվել տարածաշրջանի խոշոր խաղացողների պայմաններին։ ԱՄՆ– ն էլ իր հերթին, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից, փորձում է տարածաշրջանում իր ծրագրերն իրականացնել, առաջին հերթին` Հայաստանը դարձնել պլացդարմ` Իրանի և Ռուսաստանի դեմ։
Քաղաքագետը խորհուրդ է տալիս ուշադիր լսել և ադեկվատ վերլուծել նմանօրինակ հայտարարությունները` իրականացնելով սեփական երկրի շահերից բխող քաղաքականություն։
* «Քարնեգի» հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն: