ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 8 մարդ զոհվել է։
Նշենք, որ փեյջերները պայթեցվել են հեռավար՝ կիբեռհարձակման հետևանքով։
«Այս պահի դրությամբ առողջապահության նախարարության ԱԻ օպերատիվ շտաբը գրանցել է ավելի քան 2,8 հազար տուժած, որոնցից 200-ի վիճակը ծանր է։ Ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ ութ տարեկան երեխա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրան Աբիադը։
Հաղորդվում է, որ զոհերի թվում է «Հզբոլլահի» ղեկավարներից մեկի որդին։
Փորձագետներն արդեն առաջ են քաշում գաջեթների պայթյունի մի քանի վարկած՝ կա՛մ հաքերային հարձակում, կա՛մ էլ իսրայելական «Մոսադը» Մերձավոր Արևելքի շուկայում տարածել է ականապատ փեյջերների խմբաքանակ։
Մասնագետները դիտարկում են նաև երրորդ վարկածը, որի համաձայն` իսրայելցի հաքերները կոտրել են սարքերում ներկառուցված «Հզբոլլահի» ինքնաոչնչացման համակարգը (այն դեպքերի համար, եթե սարքերը հայտնվեն հակառակորդի ձեռքում):
Լիբանանի իշխանությունները փեյջերների պայթեցումն արդեն որակել են որպես իսրայելական ագրեսիա։