ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Առաջարկվում է Մոսկվայի մարզում արգելել միգրանտներին աշխատել ալկոհոլի և ծխախոտի առևտրի, փողոցում սննդի վաճառքի, սոցիալական ծառայությունների, սպորտի, մշակույթի, ժամանցի, առողջապահության և կրթության ոլորտներում: Առաջարկը հնչել է մարզի կառավարության փոխնախագահ Նատալյա Մասլենկինայի և մարզպետ Անդրեյ Վորոբյովի խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել նաև քաղաքային շրջանների ղեկավարները:
«Այստեղ ամենակարևորը լեզվի որակյալ իմացությունն է, քանի որ դա բնակչության հետ աշխատանք է։ Բացի այդ, այս միջոցը կնպաստի պոտենցիալ կոնֆլիկտների նվազեցմանը»,-հայտարարել է Մասլենկինան։
Նա նաև նշել է, որ այժմ Մոսկվայի մարզում ալկոհոլ, գարեջուր և ծխախոտ վաճառող մանրածախ խանութներում օտարերկրյա աշխատուժ ներգրավելու համար թույլատրելի շեմ է գործում (15%):
«Մենք կցանկանայինք միանալ 22 շրջաններին, որոնք ամբողջությամբ արգելք են դրել արտոնագրերով աշխատելու համար», - ասել է նա։
Նրա խոսքով` այդ արգելքների ներդրմամբ մոտ 5,6 հազար աշխատատեղ կբացվի։ Թափուր մնացած աշխատատեղերը կզբաղեցնեն ռուսաստանցիները և ԵԱՏՄ երկրների քաղաքացիները։