Երկուստեք ցանկություն կա խորացնելու հայ-վրացական հարաբերությունները․Մելիքյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով երեկ Վրաստանում էր։ «Ակնկալվում է, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովվի Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում»․-Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հարցն արդեն քննարկել ենք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը շատ կարևոր է»,-շեշտել է Փաշինյանը։ Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին` Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամության լավագույն արտահայտումն այն էր, որ այս տարվա հունվարի երկկողմ համագործակցությունը հասցվեց ռազմավարական մակարդակի։
«Մենք աներկբայորեն հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես Հայաստանինն ու Վրաստանին են` փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,-հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
«Հայաստանը աշխատել է Վրաստանի բոլոր իշխանությունների հետ և պատրաստ է աշխատել նաև այն իշխանությունների հետ, որոնք կընտրվեն այս տարվա հոկտեմբերի վերջին».-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Նրա խոսքով՝ երկուստեք ցանկություն կա խորացնելու հայ-վրացական հարաբերությունները։