Զինծառայողն անզգուշաբար կրակել է ծառայակցի գլխին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Հայ զինծառայող
Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը սեպտեմբերի 15–ին ժամը 18:45–ի սահմաններում զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, նրան վիրահատել են, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է, որ զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհարժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ և հարցաքննվել են մի շարք անձինք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում հոդվածով։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։
ՔԿ–ից նաև նշում են, որ զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։