ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում մեկ շաբաթվա կտրվածքով կարմրուկի դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ տարեսկզբից կարմրուկով 550 մարդ է վարակվել, որոնցից 330-ը երեխաներ են։
2023թ–ի մարտից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1095–ի։
Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1-6 տարեկան երեխաների համար` չպատվաստված երեխաների ծնողներին հորդորելով դիմել պոլիկլինիկաներ։
Հավելենք, որ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդի հետ շփում ունեցած և պատվաստման երկու չափաբաժինները չստացած անձինք։