ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան պատրաստվում է սադրանք իրականացնել և այն ներկայացնել որպես ռուսական հրթիռային հարված։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
ԱՀԾ-ի տվյալներով՝ Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների և ռազմական հրամանատարության ղեկավարությունը հերթական անմարդկային սադրանքը մշակում է ամերիկյան հրահանգիչների ցուցումով։ Ըստ սցենարի` իբր ռուսական կողմը հրթիռային հարված է հասցնում Կիևի կողմից վերահսկվող տարածքում գտնվող մանկական հաստատությանը՝ հիվանդանոցին կամ մանկապարտեզին, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ են մահանում։ Այնուհետև այդ ողբերգությունը լայնորեն լուսաբանվում է միջազգային առաջատար լրատվամիջոցների ներգրավմամբ։
«Միաժամանակ ամերիկացիները ծրագրում են սադրանքն օգտագործել Իրանի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի վրա արդեն իսկ ծավալված ճնշման արշավն ուժեղացնելու նպատակով՝ Մոսկվային իբր բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ սադրանքն իրագործելուց հետո կպնդեն, որ հենց այդպիսի զինամթերք է կիրառվել մանկական հաստատությանը հարվածներ հասցնելիս։
ԱՀԾ–ն հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԵՄ երկրներին արդեն հորդորել է Թեհրանի և Փհենյանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական կողմին զենք փոխանցելու համար։
«Վաշինգտոնն այսպիսով եվրոպացիներին հանգեցնում է այն բանին, որ նրանք անհապաղ և հնարավորինս կոշտ արձագանքեն միջադեպին՝ դատապարտելով Ռուսաստանին և նրա գործընկերներին», – ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։